Հինգ տարի առաջ սկսվեց այն դժոխքի առաջին արարը, որում մենք գտնվում ենք մինչ այժմ: Աղետալի պատերազմից հետո պետք է պարզվեր, որ բորենին առնվազն երկու անգամ կարող էր կանգնեցնել պատերազմը, սակայն չարեց, որպեսզի իրեն դավաճան չասեն:
Հետո պետք է պարզվեր, որ առհասարակ կարող էր կանխել պատերազմը և այսքան զոհերը չէին լինի:
Հետո պետք է պարզվեր, որ ամիսներ շարունակ զոհվածների մարմինները նկուղներում պարկերի մեջ էին դրված, իսկ զոհերի թվի հաշվարկը պլյուս-մինուս 50-60-ով էր արվում:
Հետո պետք է պարզվեր, որ բորենին 2022թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում վերջնականապես հանձնում է Արցախը` ճանապարհ բացելով Ալիևյան բլոկադային և հետագա սպանդին:
Հետո պետք է պարզվեր, որ 2023թ. սեպտեմբերին արցախյան սպանդի օրերին Հայաստանը չի պաշտպանելու իր ժողովրդի մի հատվածին և դիտորդի դերում հետևելու է էթնիկ զտմանը և կոտորածին:
Հետո պետք է պարզվեր, որ Հայաստանը իբրև թե Ալմա Աթիի հռչակագրով ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ներառյալ Արցախը:
Հետո պետք է պարզվեր, որ մենք մեզ պետք է հանդարտ պահենք, որպեսզի մեզ շրջապատող ցլերը չհարձակվեն: Հետո պետք է պարզվեր, որ Անկախության հռչակագիրը պետության մահվան մասին փաստաթուղթ է:
Հետո պետք է պարզվեր, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, դա օտար օրակարգ է և կապ չունի հայ ժողովրդի շահերի հետ:
Հետո պետք է պարզվեր, որ 44-օրյա պատերազմի շնորհիվ մենք իբրև թե անկախություն ենք ձեռք բերել:
Հետո պետք է պարզվեր, որ մեզ զենք չեն վաճառում, որովհետև Արարատն է մեր խորհրդանիշը:
Հետո պետք է պարզվեր, որ Հայաստանի բոլոր նախկին իշխանությունները, հազարավոր սպաներ, զինվորներ ներառյալ բորենու որդին «օկուպանտ» են եղել, որովհետև ըստ բորենու հայկական զորքերը գտնվել են օտար տարածքում:
Հետո պետք է պարզվեր, որ մենք որպես հանրություն այնքան արժանապատվություն չունենք, որ այսքան աղետներից և բացահայտ պետական դավաճանություններից հետո, դեռ հանդուրժում ենք սրանց իշխանությունը:
Օսմանյան կայսրության ժամանակ հայոց ցեղասպանության կազմակերպման շրջափուլում հայ տղամարդկանց ֆիզիկական ոչնչացումն առաջին էտապն էր, որտեղ խմբերով մարդկանց տանում և ոչնչացնում էին: Հռետորական հարցադրում՝ ինչով է տարբերվում պատերազմը միտումնավոր չկանգնեցրած և, որպեսզի իրեն դավաճան չասեն` հազարավոր հայ տղաների գիտակցաբար մահվան ուղարկած Փաշինյանը, նույն Էնվերից:
Հայ տղամարդկանց ոչնչացման համատեքստում Փաշինյանն արեց այն, ինչ արվում էր Օսմանյան կայսրությունում:
Դավիթ ՖԻԴԱՆՅԱՆ